среда, 15 июня 2011 г.

Վաղուց մոռացված հեքիաթ

Գիտեմ մոռացել ես հեքիաթի գոյության մասին, տարիներ առաջ մի կողմ ես դրել հեքիաթի գիրքը…երևի այնտեղ հիմա սարդերն են բույն դրել, ժանգոտվել է <<անագե զինվորիկը>>, հալվել է <<ձյունե թագուհին>>, <<անտառի տնակում>> վաղուց էլ ոչ ոք չի ապրում, իսկ Գերդան էլ վաղուց կորած Կայի համար այլևս չի լացում…մոռացել ես, բայց այսօր հիշիր…

 Կուզեի իմանալ, թե աստղերը ինչու են փայլում,- մտածեց նա: – Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղ գտնի:

Գիտես ինձ էլ է թվում, որ մեզանից յուրաքանչյուրը ամեն օր պետք է նայի երկնքին, որպեսզի գտնի իր աստղը: Տես ասում եմ, բայց ես…
Ախր մի ժամանակ հաճախ էի նայում երկնքին, բայց հիմա…
Դա վաղուց էր, շատ վաղուց, նույնիսկ չեմ հիշում` իրականություն էր դա, վառ երևակայությանս արգասիքը, թե ուղղակի երազ, որ մանկական, դեռ սաղմնային վիճակում գտնվող գիտակցությունս նույնացրել էր իրականության հետ, բայց դա արդեն կարևոր չէ, լսիր, թե ինչպես եղավ…
…արդեն երեկոյան երկինքն այլևս անզոր էր կուլ տալու արտասուքները:Սկսեց արտասվել` լռելյայն, մեղմիկ,նույնիսկ իսկական արտասուքներ չէին, որ կաթում էին նրա անթիվ-անհամար աչքերից, այլ ինչ-որ մշուշոտ արցունքի փոշի: Հետո մի պահ ներքև նայեց: Ճիշտն ասած  փոքր-ինչ փառասեր է երկինքը. ներքև էր նայում, որպեսզի տեսնի, թե ինչ-որ մեկը տեսնում է իր արտասուքները, արդյոք հետաքրքիր է անտարբեր երկրին իր շղարշե թախիծը: Ու տեսավ…
Պատուհանի մոտ մի աղջիկ էր նստած (կարծեմ ես էի): Նա էլ էր լալիս: Եվ ինչպես չլացեր…
Ախր երկինքը իր արցունքներով ընդհատեց իր խաղը: Դա յուրօրինակ մի խաղ էր.աղջնակը երազանք էր պահում, նայում իրեն ժպտացող աստղերին, ապա նորից փակում աչքերը…Քմծիծաղում ես, ինչպիսի~ պարզունակ խաղ…բայց կարող ես արդյոք  ծիծաղել, չնայած այո, ինչու ոչ, կարող ես արդյոք քմծիծաղ տալ այն մանկանը, որ ծովափին նստած ավազից ամրոց է կառուցում և ապա ժպտում, երբ ալիքները քանդում են իր փոքրիկ ամրոցը, և մի բան էլ ինքն է օգնում ալիքներին կուլ տալու ավազը: Ինքդ էլ հասկանում ես, որ բուն խաղը մանկան և ալիքների միջև է, իսկ ավազը` լոկ միջոց: Այսպես էլ իմ երազանքներն միջոց էին ծառայում, որպեսզի խաղամ աստղերի հետ…իմ երազանքները խաղալիքներ էին, աստղերն էին իմ ընկերները:
Եվ ահա աղջիկը տխրել էր. Երկնքի մանր արցունքների հետևում աստղերը սկսել էին պահմտոցի խաղալ, առևանգել էին իր <<խաղալիքները>> ու մերթընդմերթ խորամանկ ժպտում էին արցունքի վարագույրից այն կողմ…Օ~հ, բնավ էլ ազնիվ չէին այդ նոր խաղընկերները:
Երկինքը տեսավ աղջկա հիասթափությունը և սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել: Այժմ աստղերը բոլորովին չէին երևում…
,,երևի գնացել են քնելու“,- մտածեց աղջիկն ու ինքն էլ գնաց քնելու: Փոքր-ինչ տխուր էր, բայց հենց պառկեց քնելու տիեզերքի լուսնաթաթախ առէջքը քուն փչեց նրա աչքերին:
Բայց երկինքը չմոռացավ նրա հիասթափված հայացքը, հանդիմանեց աստղերին ու սրտի նվաղկոտ ջերմությունից արցունքները սկսեցին հալվել փաթիլների մեջ: Այժմ իրոք անզոր էր կանգնեցնելու սրտից բխող անզուսպ արտասուքը:
Առավոտյան աղջիկն արթնացավ, տեսավ ձյան սպիտակ ծածկոցը ու ներողամիտ ժպտաց`ինքն էլ չիմանալով ինչու…ձյունը կաշառեց նրան…
Աստղերն էլ այդ օրվանից նոր խաղընկերներ գտան, իսկ ես մոռացա նրանց…
Այսօր նորից հիշում եմ…
Ուզում եմ վերսկսել իմ մոռացված խաղը, ուզումեմ հիշել այդ երազը…

Գիտես,ասում են հանգած աստղերն էլ շարունակում են լուսարձակել հազարավոր տարիներ, բայց սպասիր…չեմ ուզում ինձ էլ հանգած աստղերի լույսը հասնի, որ իմ աստղն էլ այսպես կոչված <<սպիտակ թզուկ լինի>>, ախր դրանց կողքին էլ ինչ-որ մոլորված սև անցքեր են պտտվում…բա որ հանկարծ կուլ տա աստղիս…

Комментариев нет:

Отправить комментарий