среда, 15 июня 2011 г.

Ֆրանց Կաֆկան թերևս ամենաանհասկանալի գրողներից է, որոնց ստեղծագործությունը համարվում է այսպես կոչված գիտակցական աստիճանի գրականության : Շատ դժվար է հասկանալ գրողի գործերը, ամեն ինչ այնքան անիրական է թվում, ոչ ռեալ, բայց աբսուրդն էլ հենց այն է, որ այդ ամենը ռեալ է, միանգամայն իրական: Կաֆկայի «Դատավարությունը» գրողի անավարտ ստեղծագործություններից է, որ հեղինակը իր ընկերոջը՝ Մաքս Բրոդին խնդրել էր ոչնչացնել անմիջապես իր մահից հետո: Սակայն Բրոդը չի ենթարկվել ընկերոջ վերջին կամքին, ու այժմ այդ գործը հակասական կարծիքների ու մեկնաբանությունների տեղիք է տալիս: Գոյություն ունեն վերլուծության քաղաքական, կրոնական, գրողի անձնական կյանքի հետ կապված, փիլիսոփայկան կամ նիհիլիստական, հոգեբանական ու իրավաբանական տարբերակները: Ինձ առավել հետաքրքրել է այն մեկնաբանությունը, որի համաձայն հերոսը դատվում է սեփական խղճի կողմից ու դա մտածելու տեղիք է տալիս յուրաքանչյուրիս, որ առավել ուշադիր լինենք մեր քայլերի մեջ, որպեսզի Յոզեֆ Կ.-ի նման առավոտյան անկողնում չձերբակալվենք մեր խղճի կատարածուների կողմից, որոնք չեն զլանա ու չեն մոռանա «խժռել մեր նախաճաշը»:
Ինչևէ, հենց Կաֆկան է ասել, որ սխալ կարծիքը դեռևս պատճառ չէ, որ կարծիք ընդհանրապես չլինի, հետևաբար
«Դատավարությունը» յուրաքանչյուրիս մեկնաբանությունների լայն շրջանակ է ընձեռնում: Ստորև ներկայացված է «Դատավարություն» գրքի առանցքային հատվածներից մեկը:

Օրենքի առաջ
Օրենքի առաջ մի դռնապան է կանգնում: Մի անգամ այս դռնապանի մոտ է գալիս մի գյուղացի մարդ ու խնդրում է, որ վերջինս ներս թողնի նրան, սակայն մերժում է ստանում: Մարդը մտածում է ու ասում, որ միգուցե ավելի ուշ այդ թույլտվությունը տրվի նրան:
«Դա միանգամայն հնարավոր է, բայց ոչ հիմա»,-ասում է դռնապանը:
Օրենքի դուռը ինչպես առաջ բաց էր ու մարդը մի փոքր կռանում է, որ տեսնի թե ինչ կա ներսում, դռնապանը նկատում է դա ու ծիծաղում: Ապա ասում է. « Եթե դա քեզ գրավում է, կարող ես ներս մտնել՝ անտեսելով իմ արգելքը, սակայն մեկընդմիշտ հիշիր՝ ես զորեղ եմ: Այո, ես ընդամենը ամենաստորին դռնապանն եմ, ամեն դահլիճում ավելի զորեղ դռնապանների կհանդիպես, որոնցից նույնիսկ երրորդի հայացքին ես չեմ կարող դիմանալ: »
Գյուղացի մարդը  այսպիսի դժվարությունների չէր սպասում. օրենքը բոլորի համար պիտի հասանելի լիներ: Սակայն երբ նայում է դռնապանին, նրա մորթե վերարկուին, մեծ, սուր քթին, երկար-բարակ թաթարական մորուքին, որոշում է սպասել, մինչև վերջապես կստանա թույլտվությունը: Դռնապանը նրան մի աթոռակ է տալիս և աոաջարկում նստել:
Այստեղ նա նստում է օրերով ու տարիներով: Նա շատ փորձեր է անում ներս մտնելու ու հոգնեցնում է դռնապանին իր խնդրանքներով: Դռնապանը  հաճախ զրուցում է նրա հետ, հարցնում նրա հայրենիքից, շատ այլ բաներից ու վերջում ամեն անգամ մերժում: Մարդը, որ իր ճամփորդությանը լավ էր պատրաստվել, օգտագործում է ամեն ինչ դռնապանին կաշառելու համար: Վերջինս ընդունում է դրանք և ասում. «Ես այս ամենն ընդունում եմ միայն այն բանի համար, որ չմտածես, թե ինչ-որ հնարավորություն բաց ես թողել»: Տարիներ շարունակ մարդը գրեթե անթարթ նայում է դռնապանին, մոռանում է բոլոր այլ դռնապանների մասին ու այս դռնապանը նրան օրենքից բաժանող միակ արգելքն է թվում: Սկզբում բարձրաձայն ու ինքնամոռաց անիծում է դժբախտ պատահականությունը հետո տարիների հետ միայն քրթմնջում է ինքն իրեն քթի տակ: Նա դառնում է երեխայի նման ու երբ դռնապանի մորթե վերարկուի մեջ ոջիլներ է նկատում, խնդրում է, որ վերջիններս օգնեն իրեն դռնապանին համոզելու գործում: Վերջիվերջո թուլանում է նրա տեսողությունը ու նա այլևս չի կարողանում տարբերել՝ աչքերն են իրեն խաբում, թե իրոք մութ է: Սակայն մթության միջից նա մի շող է նկատում, որ օրենքի դարպասներից այն կողմ էր ցոլում: Նրա կյանքին քիչ է մնացել:  Մահից առաջ դռնապանի հետ ունեցած ամբողջ փորձը մեկ հարցի մեջ է ամփոփվում, որ դեռ երբեք չէր տվել: Նա նշան է անում դռնապանին, քանի որ նրա մարմին այլևս անզոր էր շարժվելու: Դռնապանը կռանում է դեպի մարդը, քանի որ նրանց հասակների տարբերությունը այդ ընթացքում զգալիորոն մեծացել էր:
«Ի՞նչ ես էլի ուզում իմանալ, ող անկուշտ մարդ»,- հարցնում է դռնապանը:
«Բոլորն են հետաքրքրվում օրենքով, ինչու՞ է, որ այս ամբողջ ընթացքում միայն ես եմ թույլտվություն պահանջել:»
Դռնապանը հասկանում է, որ մարդը իր վերջին շնչումն է ու որպեսզի ասելիքը հասցնի նրա թուլացող լսողությամը ամբողջ ձայնով գոռում է.
«Այստեղի մուտքի իրավունքը ոչ ոք չէր կարող ստանալ, քանի որ այն միայն քեզ համար էր նախատեսված….»

Комментариев нет:

Отправить комментарий