Ծույլ հագնվեց, նայեց գազօջախին եռացող ջանասեր սուրճին, վերցրեց անտարբեր բաժակն ու նույն անտարբերությամբ սկսեց խմել նրանում արդեն թմրած սուրճը:
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ….
Օրվա անցուդարձը, չդադարող հեռախոսազանգերը, անավարտ զրույցներն ու կնքված պայմանագրերը հոգնեցրել էին նրան:
Պատուհանից ցած սահող երեկո…
Սուրճի բաժակը ձեռքին նստել ու անթարթ նայում էր հեռուստացույցի էկրանին . Ինչ-որ հրաբուխ է ժայթքել Եվրոպայում, ճապոնացիները ստեղծել են հերթական ռոբոտ-մարդուկը՝ իր երկաթե նյարդային համակարգով ու էլեկտրականացված զգացմունքներով, իսկ երկաթե նյարդերի շղթայից այն կողմ ինչ-որ տեղ բաբախում է հզոր մեխանիկական սիրտը, հեռուստատեսային հերթական ծրագրի հաղթողը՝ դատարկ ժպիտը դեմքին, բարեգործությամբ զբաղվող մեծահարուստ, խելագարված եղանակի ճշգրիտ տեսություն, “DISCOVERY”-ի հազար անգամ անգիր արված հաղորդում ինչ-որ ժամանակ գոյություն ունեցող կենդանիների մասին…Իսկ տեսնես ճապոնական այդ ռոբոտներն էլ են էվոլուցիայի ենթարկվում...բնականաբար դա ինչ-որ առանձնահատուկ բան կլիներ, մի բան, որ հեռավոր կապ ունենար գալակտիկաների ու Երկրի շուրջը համառորեն պտտվող արբանյակների հետ...ամեն դեպքում այս մտքերը նրանից շատ ժամանակ չխլեցին, գովազդի նման մի պահ եկան ու գովազդին ոչ բնորոշ արագությամբ էլ հեռացան: Անտարբեր ծուլության ուղեծրում, սակայն, ժամանակը չափազանց դանդաղ է սահում:
Մարդը վազում էր ամայի փողոցով: Ասենք փողոցը ամայի չէր. մարդիկ էին անցնում, մեքենաներ, բայց ընդհանուր առմամբ այն ամայի էր, ամայի այնքանով, որ քամին չէր հասցնում մարդկանց դեմքերից քշել ունայնության փոշին: Մարդը վազում էր: Եթե քամին ինքնամոռաց վազում էր մերթ այս կողմ, մերթ այն, մարդը գիտեր, թե ուր է գնում: Նա շտապում էր այնտեղ, որտեղից դուրս էր եկել մի քանի ժամ առաջ, դուրս էր եկել առանց որևէ խղճմտանքի, առանց հապճեպության ու նույնիսկ առանց ափսոսանքի, որ սառը մշուշոտ այդպիսի մի անհյուրընկալ առավոտ ստիպված է լքել արտաքին աշխարհի համեմատ քիչ թե շատ տաքուկ այդ անկյունը: Բնական է թվում, ինչու ափսոսալ այն բանի համար, որ դեռ չես կորցրել: Արդեն քանի տարի է նա դուրս է գալիս տանիս առանց այն դիմակի, որ պետք էր տանից դուրս գալիս(դիմակը շատ էր հատկանշական. չէ որ այն հակամարմինն էր կեղծիք կոչվող այն հնամենի մանրէի, որ հանդիպում էր ամեն քայլափոխի, հետո այն հեշտացնում էր շնչելը երբ ստում էր, չգիտես ինչ էին հորինել գիտնականները, բայց այն նույն ընթացքում խլացնում էր նաև սրտի արագացված աշխատանքը, ամեն ինչ պետք է կարգավորված լինի, անխափան ժամացույցի մեխանիզմով, դիմակը մի քանի այլ գործառույթ էլ ուներ. պաշտպանում էր ցրտից, արևից ու միջատներից), քանի որ մի քանի երեկո, երբ շատ հոգնած էր, մոռացել էր հանել այդ դիմակը ու հիմա այն սերտաճել էր դեմքին, ինչպես այն նենգամիտ սունկը հնամյա ծառին ու նրանց «երջանիկ» միությունն էլ սիմբիոզ են կոչում: Բայց խելահեղ քամին այսօր կարծես պոկեց այդ դիմակը:
Մարդը շտապում էր:
փաստաթղթերով ծանրաբեռնված իր սեղանի առջև մեքենայական աշխատանքը կատարելիս (օ, ոչ...նա այդ աշխատանքը չէր սիրում, բայց կապվել էր նրան նույն տրամաբանությամբ, ինչպես սիմբիոզի մյուս բևեռ հանդիսացող կաղնին, որ չգիտի ինչու, բայց առանց նենգ սնկի ապրել չի ուզում...նա էլ սնկի նման կպել էր կաղնեփյտից գրասեղանին, ինչպես իր աշխատանքը իրեն...հավերժական շղթա...) նա մի զանգ ստացավ: Զանգում էր հարևանուհին, որին նա իհարկե դժվար մտաբերեց, նույնիսկ տրորեց թմրած գլուխը, հորանջեց ու քաղաքավարի անհամբերությամբ սպասում էր, ինչ է ուզում այս կինն իրենից: Բայց հանկարծ ուղղվեց, հայացքը սևեռեց դիմացի պատի ինչ-որ մինչ այդ, թվում է, գոյություն չունեցող բծի (ՊԵՏՔ Է ՄԱՔՐԵԼ ՏԱԼ ՊԱՏԵՐԸ) ու առանց գլխարկի (չէ գլխարկը դիմակի պես նենգ չէ. միակ գործառույթը հեղինակության հայելի կոչվողն է, որ գիտնականները չեմ հիշում՝ երբ են հայտնաբերել): Այսպես առանց անվան ու հեղինակության որպես դպրոցական դասագրքից փախած մեծ X նա դուրս վազեց փողոց ու հիմա էլ դիմակը կորցրեց:
Լսափողի անծանոթ, հարևանուհի հորջորջված ձայնը հաղորդել էր, որ իր բնակարանից ծուխ է դուրս գալիս, իսկ ԿԱՂՆԵփայտե դուռը, չգիտես ինչու, անհնար է բացել հրդեհը հանգցնելու համար, ուստի թող շտապի, եթե ուզում է ինչ-որ բան փրկել: Ինչ-որ բան փրկել, բայց ի՞նչ: Նա չգիտեր, բայց վազում էր: Մտքում միևնույնն է, դժգոհում էր, որ մինչ այդ ոչ մի նեղություն չտվող տան մտքին փչել էր վառվել, բայց դա կարևոր չէր, միգուցե հաջողվի փրկել փոքրիկ սրճամանը:
Այսպես նա վազում էր ամայի փողոցներով, հետո չզգաց էլ ինչպես վազեց շենքի աստիճաններն ի վեր, մի անգամ սայթաքեց(պետք էր մաքրել տալ աստիճանները) ու վերջապես կանգ առավ այն դռան դիմաց, որի հետևում թաքնված էր մինչ այժմ անծանոթ մի աշխարհ: Բայց մի րոպե...ամեն ինչ հանդարտ է թվում... նա բացեց դուռը, ներս մտավ, նայեց վաղուց մոռացված իրերին, գտավ սրճամանն ու դրեց օջախին, միացրեց հեռուստացույցը-ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱ...Պատուհանից դուրս նայեց...
Բակում մի ծառ էր աճում, իրոք չգիտեմ կաղնի էր, թե ոչ, արդյոք կաղնիները սիմբիոզ ունենում են նենգ սնկների հետ, բայց մի ծառ կար ու ծառին սերտաճել էր մի սունկ...երջանիկ անգիտության մեջ նրանց օրորում էր ժամանակի քամին, իսկ նրանց մարմնի ամեն մի մասնիկ դողում էր, ասես զգում էր ժամանակի խելահեղ ընթացքը, միայն թե խելամտորեն լռում էր: Իրենց ինչ, թե ինչ է զգում ՄԱՐԴԸ, որին թվում էր ամեն ինչ կորցրել է, կորցրել մի բան, որի գոյության մասին չէր էլ կասկածում, իսկ թե ի՞նչ էր զգում...
Հորիզոնը ընկղմվեց անթափանց խավարի մեջ, իսկ երկնքում վառվեցին աստղերը:
Տեսնես ճապոնական այդ ռոբոտներն էլ են էվոլուցիայի ենթարկվում...բնականաբար դա ինչ-որ առանձնահատուկ բան կլիներ, մի բան, որ հեռավոր կապ ունենար գալակտիկաների ու Երկրի շուրջը համառորեն պտտվող արբանյակների հետ:
Նկարները Գիլբերտ Գարսինի










